Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 23-ին ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալին:
Ինչպես տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից, խորհրդարանի ղեկավարը ողջունել է Իսսամ Նայալին Ազգային ժողովում և իր մտահոգությունը հայտնել Սիրիայում առկա իրավիճակի վերաբերյալ:
ՀՀ ԱԺ նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Հայոց ցեղասպանության հետևանքով Սիրայում ապաստանած հայերի և հետագայում սիրիահայ համայնքի նկատմամբ ունեցած ջերմ վերաբերմունքի համար: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ երախտապարտ հայ ժողովուրդը մշտապես պատրաստ է օգնել Սիրիայի բարեկամ ժողովրդին:
Արա Բաբլոյանը, անդրադառնալով տարածաշրջանում տիրող իրավիճակին, նշել է, որ որոշ երկրների գործունեությունը և դրա հետևանքները պիտի լինեն Եվրոպայի ու ողջ քաղաքակիրթ աշխարհի ուշադրության կենտրոնում:
ՀՀ ԱԺ նախագահը կարևրոել է միջխորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությունը և խոսել նորընտիր խորհրդարանում Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ձևավորման մասին: Արա Բաբլոյանը Սիրիայի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամական խմբի անդամներին հրավիրել է Հայաստան:
Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալը շնորհավորել է Արա Բաբլոյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Պարոն Նայալը շնորհավորել է նաև հայ ժողովրդին՝ արդար և թափանցիկ ընտրությունների անցկացման առթիվ, որի ականատեսն են եղել այդ օրերին Հայաստան ժամանած միջազգային դիտորդները:
Ժամանակավոր հավատարմատարը ՀՀ Ազգային ժողովի նախագահին ներկայացրել է Սիրիայում տիրող իրավիճակը և շնորհակալություն հայտնել հայ ժողովրդին, ինչպես նաև սիրիահայ համայնքին ճգնաժամի ընթացքում սիրիացի ժողովրդին սատարելու համար:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցին՝ Իսսամ Նայալը նշել է, որ Թուրքիան հիմա էլ նույն քաղաքականությունը վարում է սիրիացի ժողովրդի նկատմամբ՝ շարունակելով իր ոճրագործությունները Սիրիայում:
Հանդիպման ավարտին Արա Բաբլոյանը մաղթել է Սիրիայի բարեկամ ժողովրդին խաղաղության վերահաստատում, իրավիճակի կայունացում և բարեկեցություն: