Ուր է էքսպրեսիան, ուր է էմոցիան, անհավես ես ներկայացնում... այս հարցադրումները լայն ժպիտ են առաջացնում. Կորյուն Նահապետյան
Այսօր՝ հունիսի 22-ին, ԱԺ նիստի ընթացքում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը, անդրադառնալով նախօրեին կառավարության ներկայացրած ծրագրի քննարկումների ժամանակ հնչեցված հարցադրումներին, նշեց, որ դրանք ժամանակավրեպ են և զուրկ քաղաքական տրամաբանությունից:
«Ուր է էքսպրեսիան, ուր է էմոցիան, անհավես ես ներկայացնում, ով է լինելու վարչապետը 2018-ից հետո...» այս կարգի հարցադրումները լայն ժպիտ են առաջացնում, քանի որ զուրկ են քաղաքական տրամաբանությունից, քաղաքական գործընթացների բնականոն զարգացումից:»,- ընդգծեց ՀՀԿ խմբակցության պատգամավորը՝ շարունակելով, որ նման հարցադրումները ժամանակավրեպ և հանդիսանում են քաղաքական խայծ,, որը բերվում է օրակարգ ինտրիգներ հյուսելու նպատակով:
«Ովքեր են իրականացնելու մեր 5 տարվա քաղաքական ծրագիրը, ինչպիսի առաջնորդությամբ և ինչ կազմով, այս հարցերի պատասխանը մենք այսօր ունենք, և կունենանք նաև ժամանակին, երբ 2018 թ.-ին Սահմանադրության փոփոխությունների հիման վրա կձևավորվի նոր կառավարություն»,- ասաց Նահապետյանը: