Ֆուտբոլը միայն ոտքերի խաղ չէ, այն նաև ուղեղի խաղ է. Հենրիխ Մխիթարյան
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է իր դպրոցական տարիների մասին: Այս մասին հայտնում է Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը:
«Դպրոցական տարիներին կենտրոնացել եմ միայն դպրոցի վրա: Վայելել եմ բոլոր ուսումնական առարկաները, սիրել եմ ուսուցիչներին: Լավ հարաբերություններ եմ ունեցել բոլորի հետ, որևէ խնդիր չի եղել ուսուցիչների հետ, կենտրոնացել եմ միայն ուսման վրա:
Ֆուտբոլ էինք խաղում համադասարանցիների թիմով և միշտ հաղթում էինք բոլորին: Ոչ ոք չէր ցանկանում մեր դեմ խաղալ, քանի որ միշտ պարտվում էին: Դպրոցում հաճախ բասկետբոլ էինք խաղում, երբեմն էլ սեղանի թենիս:
Ուսումը շատ կարևոր է: Ֆուտբոլը միայն ոտքերի խաղ չէ, այն նաև ուղեղի խաղ է: Այդ դեպքում, դու կարող ես այլ մարզաձևերից օգտակար բաներ քաղել ֆուտբոլի համար»,- ասել է Մխիթարյանը: