Պետք է շատ ճիշտ գնահատեք ստարտային իրավիճակները, որտե՞ղ ենք գտնվում և ո՞ւր ենք գնում. Վարդան Արամյան
Այսօր՝ հունիսի 21-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը դեմ արտահայտվեց այն պնդումներին, թե կառավարության ծրագիրը լուրջ վերլուծությունների վրա հիմնված չէ:
«Այդպես չէ, մենք կատարել ենք վերլուծություն, հաշվի են առնվել համաշխարհային տենդեցները, մեր ներքին տնտեսական պոտենցիալը, բազմաթիվ մակրոտնտեսական ցուցանիշներ՝ ներդրումների, ծառայությունների և ապրանքների արտահանման ցուցանիշները, և մենք գնահատել ենք՝ մեր գործողությունների արդյունքում ինչ կարող ենք ունենալ մեր ծրագիրը իրականացնելու դեպքում»,- շեշտեց նախարարը:
Արամյանի խոսքով՝ եթե իրենց առջև դրել են խնդիր՝ միջինը 5%-ով տնտեսական աճ ապահովեն, ապա դա նշանակում է, որ ջանք պետք է գործադրեն, իսկ ջանքերի մասին ըստ նրա՝ մանրամասն գրված է կառավարության առաջարկած ծրագրում:
Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք 5%-ն էլ ցածր չէ, իրական տնտեսական աճ ապահովելու համար, նախարարը նշեց, որ ոչ:
«Պետք է շատ ճիշտ գնահատեք ստարտային իրավիճակները, որտե՞ղ ենք գտնվում և ո՞ւր ենք գնում: 5 տարվա ընթացքում մենք ուղղակի ֆիքսելու ենք 5% աճ չենք ֆիքսելու: Մեկ տարի կարող է 4,7 լինել, մյուս տարի կձգտենք ավելի բարձր ցուցանիշի, որպեսզի միջինում ապահովենք հինգ տոկոս ցուցանիշը: Մենք պետք է նաև հինգ տոկոս աճի վրա մյուս տարի ևս հինգ տոկոս աճ ունենանք և այդպես շարունակ, իսկ դա արդեն արդեն լուրջ տնտեսական ցուցանիշ կլինի»,- ասաց Արամյանը:
Ըստ նախարարի՝ կառավարության ծրագրում դրված է այն մոտեցումը, որ ջանքեր է գործադրելու, որպեսզի համաշխարհային տնտեսությունից կամ մեզ հետ առևտուր անող երկրներից շատ ավելի առաջընթաց տեմպեր ունենանք:
Դիտարկմանը՝ Տիգրան Սարգսյանն էլ յոթ տոկոս էր խոստանում, բայց երեք տոկոս ապահովեց, Արամյանն արձագանքեց. «Ուզում եմ շեշտել՝ մենք ապրում ենք գլոբուսի վրա և կան անկանխատեսելի տենդեցներ, որոնք մեզ վրա էլ են ազդում: 2013 թվականին որևիցե մեկը չէր կարող կանխատեսել, որ ՌԴ, ԵՄ և ԱՄՆ բլոկի հետ քաղաքական հիմքով կլինի կոնֆլիկտ, որը կվերածվի տնտեսական պատերազմի: Սա որևէ մեկը չէր կարող հաշվի առնել: Բայց մենք բոլոր ռիսկերը հաշվի առել ենք և միջինացված հինգ տոկոսը կպահպանենք»: