Ինչո՞ւ վարչապետը երեկ չի հանդիպել «Ելք»-ի հետ. Ժամանա՞կ չուներ
Այսօր՝ հունիսի 21-ին, ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է կառավարության ծրագիրը: Դիմելով վարչապետին` ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, թե երեկ իրենց տեղեկացրել են, որ վարչապետը ժամանակ չունի հանդիպելու երրորդ քաղաքական ուժի՝ իրենց հետ, որպեսզի քննարկի կառավարության ծրագիրը: Մարուքյանը նաև նշեց, որ վարչապետի` ժամանակ ունենալն ու իրենց հետ հանդիպման գնալն ուղղակի Կարապետյանի պարտականությունն է: «Խորհրդարանական երկիր ենք դառնում, ինչո՞ւ մեզ հետ չեք հանդիպում»,- հարցրեց Մարուքյանը:
Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ «ժամանակ չունեմ» ձևակերպում չի եղել: «Ավելին` զանգահարել եմ ԱԺ նախագահին և ասել, որ ցանկություն ունեմ հանդիպելու խորհրդարանական ուժերի հետ: Պայմանավորվել էինք, որ երեկ` ժամը 6-ին, պետք է հանդիպենք, և ես զարմացա, որ «Ելքը» չկա: Գուցե կոմունիկացիայի խնդիր է եղել: Ժամանակ չունեմ, ցանկություն չունեմ` նման միտում չի եղել»,- ասաց նա:
Վարչապետը նշեց նաև, որ հիմա էլ պատրաստ է հանդիպում նշանակել: «Ճիշտն ասած` երեկ` ժամը 6-ին, եկել էի ձեզ հետ հանդիպման»,- հավելեց նա:
Մարուքյանը պնդեց, թե նման հանդիպում նախատեսված չի եղել, քանի որ իրենց առաջարկել են հանդիպել խմբային` «Ծառուկյան» դաշինքի հետ: «Դուք երեկ հանդիպել եք «Ծառուկյան» դաշինքի հետ, և ասել են, որ Դուք ժամանակ չունեք առանձին-առանձին հանդիպել մեզ հետ»,- նշեց Մարուքյանը: