Վարդան Ղուկասյանը կրկին քննադատել է մամուլին՝ մեղադրելով իր դեմ փողով նյութեր գրելու մեջ
«Իրավունք» օրաթերթը գրում է. «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում խոսեց գյուղերին և քաղաքներին տրվող սուղ ֆինանսական միջոցների մասին, որոնցով հնարավոր չէ լուծել գյուղի ու քաղաքի խնդիրները: «Դա խայտառակություն է»,-ասաց Վարդան Ղուկասյանը:
«Իրավունքը» Գյումրիի նախկին քաղաքապետից հետաքրքրվեց՝ եթե գյուղերի ու քաղաքների խնդիրների լուծման համար հատկացվող միջոցները քիչ են, ինչպե՞ս են որոշ գյուղապետներ ու քաղաքապետներ մեծ ունեցվածք դիզել: «Էդ գնա, իրենց հարցրա: Դրանց նկատմամբ պետք է հասարակությունն ու դատաիրավական ոլորտն իր վերաբերմունքը հայտնի»,-ասաց Գյումրիի նախկին քաղաքապետը:
Նախկին քաղաքապետին հիշեցրինք, որ տարբեր լրատվամիջոցներ ժամանակին հրապարակումներ են արել Վարդան Ղուկասյանի ունեցվածքի մասին: Հարցը դուր չեկավ պատգամավորին: Վերջինս, ինչպես միշտ, իր ուրույն ձևով սկսեց քննադատել մամուլին, ասելով, որ պատվեր են կատարել՝ փող են վերցրել, իր դեմ նյութեր են գրել: «Գյումրեցին այն մարդն է, որ եթե նրա նկատմամբ մի ոտնձգություն անես, քաղաքից քեզ կվռնդեն»,-ասաց ու հեռացավ պատգամավորը»:
Մանրամասները՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում: