Վարչապետն ու ԱԺ նախագահը «Ծառուկյան» խմբակցության անդամների հետ քննարկել են կառավարության ծրագիրը
Հունիսի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել են ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամների հետ:
ՀՀ վարչապետը ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագիրը, դրա կազմման հարցում գործադրի որդեգրած մոտեցումները և փիլիսոփայությունը: Վարչապետի խոսքով՝ փաստաթղթում կառավարությունն իրատեսական և գործնական քայլերով ձևակերպել է առաջիկա 5 տարիների ընթացքում տարբեր ոլորտներում իրականացվելիք քայլերը և ուրվագծել թիրախները:
Կարեն Կարապետյանը հավաստիացրել է, որ կառավարությունը բաց է արդյունավետ համագործակցության և առաջարկների քննարկման հարցում ու կարևորել է կառուցողական քննադատությունը: ՀՀ վարչապետը տեղեկացրել է նաև, որ ԱԺ վաղվա նիստում կներկայացվի նաև նախորդ 9 ամիսների ընթացքում կատարված աշխատանքը:
Հարցուպատասխանի ձևաչափում ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն անդրադարձել են կառավարության ծրագրի գերակա ուղղություններին, մարզերի համաչափ զարգացմանն ուղղված ծրագրերին, գործազրկությանը, աշխատատեղերի ստեղծման հարցում իրականացվելիք քայլերին և այլ խնդիրների, որոնց վերաբերյալ ՀՀ կառավարության ղեկավարը պարզաբանումներ է ներկայացրել: