ԵԱՀԿ Մինսկի խմբից ակնկալվում են թիրախավորված հայտարարություններ. Արմեն Աշոտյան
ԵԱՀԿ Մինսկի խմբից ակնկալվում են թիրախավորված հայտարարություններ՝ ի կանխարգելումն նոր մարդկային կորուստների և ի նպաստ տարածաշրջանային կայունության: Այդ մասին ասել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, որն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել Հայաստանի և Ղազախստանի խորհրդարանների միջև հարաբերությունների զարգացման դինամիկան և հույս հայտնել, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր կլինի առկա հարաբերություններին հաղորդել նոր որակ և արդյունավետություն:
Իր հերթին դեսպան Ուրազաևը շնորհավորել է Արմեն Աշոտյանին խորհրդարանական դիվանագիտության իրականացման գործում կարևոր դերակատարում և պատասխանատվություն ունեցող պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ երկուստեք առավել արդյունավետ գործունեությունը կնպաստի միջխորհրդարանական կապերի, մասնավորապես բարեկամության խմբերի միջև համագործակցության ակտիվացմանը:
Զրույցի ընթացքում հանձնաժողովի նախագահը և դեսպան Ուրազաևը անդրադարձել են Եվրասիական տնտեսական միության, ինչպես նաև ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության խնդիրներին և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերին: Այս համատեքստում քննարկվել են նաև տնտեսական, ներդրումային արդյունավետ քաղաքականության իրականացմանը վերաբերող հարցեր: Հատուկ անդրադարձ է կատարվել քաղաքական ոլորտում համագործակցությանը, որը լավ հիմք է առավել ակտիվ ներդրումային քաղաքականության իրականացման համար:
Կողմերը քննարկել են նաև միջխորհրդարանական կազմակերպություններում համագործակցությանը վերաբերող հարցեր:
Անդրադառնալով տարածաշրջանային համագործակցության և կայունության խնդիրներին՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ տարածաշրջանային մակարդակում գրեթե բոլոր նախագծերի հաջողությունը վտանգված է Ադրբեջանի ապակառուցողական և արկածախնդիր քաղաքականության պատճառով: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահն անդրադարձել է հունիսի 16-ին և 17-ին Արցախի ու Ադրբեջանի միջև շփման գծում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված զինադադարի կոպտագույն խախտումներին և նշել, որ այս հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբից ակնկալվում են թիրախավորված հայտարարություններ՝ ի կանխարգելումն նոր մարդկային կորուստների և ի նպաստ տարածաշրջանային կայունության:
Այս համատեքսում դեսպան Ուրազաևը նշել է, որ 21-րդ դարում պետք է բացառել հակամարտությունների լուծման ռազմական տարբերակը:
Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են նաև ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ստեղծված «Անալիտիկ խորհուրդ» աշխատանքային խմբի նպատակներին, քննարկել համագործակցության հնարավորությունները: