Ուրախ եմ, որ կան հայեր, ովքեր առանց իմ դասախոսությունների՝ հասկանում են դա. Պյոտր Սվիտալսկի
Այսօր՝ հունիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, անդրադառնալով Հայաստանի ինքնիշխանության և ներքին գործերին միջամտելուն, նշեց, որ կան հարցեր, որոնց մասին բարձրաձայնել Եվրամիությունը ոչ միայն իրավունք ունի, այլև պարտավոր է:
«Երբ 2 կողմերի միջև համաձայնություններ կան հակակոռուպցիոն անկախ գործակալության ստեղծման վերաբերյալ, մենք, որպես պայմանագրի կողմ, ոչ միայն խոսելու իրավունք ունենք, այլև պարտավոր ենք խոսել»,- ասաց Սվիտալսկին` շարունակելով, որ օրեր առաջ ինքը տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին նամակ է ուղարկել` Երկրի իշխանություններին կոչ անելով հրապարակել ԵՄ հետ ֆինանսավորման այդ համաձայնագրի տեքստը:
«Որպեսզի հայերն իմանան, թե ինչու ենք մենք պարտավոր խոսել: Ես շատ ուրախ եմ, որ մեծ թվով սովորական հայեր, առանց իմ դասախոսությունների և ուսուցանող ջանքերի, սա հրաշալի հասկանում են: Եվ ես զարմացած եմ, քանի որ հայերը սփյուռքի շնորհիվ, կոսմոպոլիտիկ աշխարհայացքի շնորհիվ հրաշալի հասկանում են, որ ինքնիշխանության և երկրի ներքին գործերին միջամտելու սպառնալիքները գտնվում են ինչ-որ այլ տեղում և ոչ մի դեպքում մեր բարեկամական աջակցության մեջ»,- ասաց Պյոտր Սվիտալսկին: