Քրեական հեղինակություն «Դոն Պիպոյի» սպանության նախապատրաստության գործը կքննի ԱԱԾ-ն. Tert.am
«Դոն Պիպո» մականվամբ հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի սպանության նախապատրաստության քրեական գործը կքննի Ազգային անվտանգության ծառայությունը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց վնասազերծված խմբի անդամներից Արկադի Քոչինյանի պաշտպան Արմինե Ֆանյանը։
«Արթուր Ասատրյանի սպանության նախապատրաստության փորձի գործը ՀՀ քննչական կոմիտեն ուղարկել է ՀՀ դատախազությանը, որտեղից էլ գործը փոխանցվել է Ազգային անվտանգության ծառայությանը։ Այս մասին գործընկերներս արդեն տեղեկացվել են»,-ասաց Արմինե Ֆանյանը։
Նշենք, որ «Դոն Պիպոյի» սպանությունը նախապատրաստելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 35-104 հոդվածի՝ սպանության նախապատրաստություն և 235 հոդվածի հատկանիշներով՝ ապօրինի զենքը պահելը, կրելը։
Հիշեցնենք, որ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել չորս անձի։ Երեք անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով։ Եվս մեկ անձ ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով, ում նկատմամբ հետախուզում էր հայտարարվել և հայտնաբերվել էր դեպքից մի քանի օր անց։