Սխալ է մտածել, որ իշխանությունը փոխելով սահմանին էլ կրակոցներ չեն լինի
Մի սխալ պատկերացում կա հայ ժողովրդի մեջ, որը պակաս կործանարար չէ, քանի որ անիմաստ ենթադրությունների ժանրից է: Մարդիկ մտածում են, որ Ադրբեջանը, Իլհամ Ալիևը, Զաքիր Հասանովի հիմնարկը իրեն թույլ է տալիս առաջնագծում կրակել ու սադրանքների դիմել զուտ միայն նրա համար, որ Հայաստանը ղեկավարում են ներկայիս իշխանությունները: Այսինքն, եթե իշխանության փոխարեն մեկ ուրիշը լիներ, ոչ մի զոհ չէր լինելու սահմանին և այլն:
Իհարկե այս ենթադրության մեջ մի քանի տոկոս ճշմարտություն կարող է լինել, քանի որ երկրի հարաբերությունները հարևան երկրների, այդ թվում նաև թշնամի երկրների հետ, կախված են երկրի ղեկավարների վարած քաղաքականությունից, բայց կարող ենք փաստել, որ ներկայումս Հայաստանում չկա այնպիսի մի քաղաքական ուժ, որի ղեկավարածը կտարբերվեր ներկայիս իշխանության ղեկավարածից ու որը այդքան կլիներ, որ կարողանար այնպես աներ, որ սահմանին կրակոց և զոհ չլիներ:
Հիմա անցնենք ամենակարևոր մասին: Ադրբեջանի հանրապետությունը անտեսում է միջազգային կառույցների հորդորը, անտեսում է Ռուսաստանի մեղադրանքը: Աչք է փակում այն հանգամանքի վրա, որ միջազգային դիտորներդները առաջնագծում են, հենց այդ պահին կրակում է մեր զինվորի ուղղությամբ:
Մոտ մեկ ամիս առաջ միջազգային կազմակերպությունները և Ռուսաստանը Ադրբեջանին ուղիղ տեքստով մեղադրեցին սահմանին սադրանքների դիմելու մեջ: Ադրբեջանը վերջին մի քանի օրվա դեպքերով պատասխանեց նրանց, որ թքած ունի ամեն տեսակ մեղադրանքների վրա:
Ադրբեջանի այս վարած քաղաքականությունը տեսնելով պարզապես անմիտ է ասել, թե ՝ սահմանին զինվոր է զոհվում, որովհետև կառավարությունը փող է լափում: Կամ՝ սահմանին կրակում են , քանի որ ընտրությունները կեղծվել են:
Հավատացեք Ադրբեջանը թքած ունի կառավարության լափած փողերի և կեղծված ընտրությունների վրա, այնպես ինչպես թքած ունի միջազգային կազմակերպությունների և խոշոր պետությունների կարծիքների վրա: Հարկավոր չէ մեզ անիմաստ հույսեր տանք, քանի որ ցանկացած պարագայում Ադրբեջանը կրակելու է: Միակ ելքը նրա հետ իր լեզվով խոսելն է, իսկ իշխանություն, ընտրություն կամ միջազգային կառույցների արձագանք, դրանք բոլորը երկրորդական ու երրորդական հարցեր են:
Աշոտ Ասատրյան. Ֆեյսբուք: