Հայկական քաղաքական ուժերը հայ ժողովրդի համար ճակատագրական պահերին կարողանում են միավորվել. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այսօր ներկա է գտնվել Ստեփանակերտում մեկնարկած Հայկական քաղաքական կուսակցությունների երրորդ ֆորումի բացման արարողությանը, ուր հանդես է եկել ողջույնի խոսքով, տեղեկացնում են Արցախի նախագահի լրատվական ծառայությունից:
«Քաղաքական նման համաժողովները լավ հարթակ են հայոց պետականաշինությանը, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը, համաշխարհային և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող տարբեր հարցեր քննարկելու և դրանց մասին ավելի խոր պատկերացում կազմելու համար», - իր խոսքում նշել է Բակո Սահակյանը:
«Քաղաքական ուժերը այդպիսի միասնականությամբ են հանդես գալիս հատկապես Արցախի ներկայի և ապագայի հետ կապված հարցերում: Այն, որ Արցախի Հանրապետությունը պետք է լինի հզոր, ժողովրդավարական պետություն, որը միշտ ի վիճակի կլինի ապահովել իր անվտանգությունը, համոզված եմ՝ հիմնարար սկզբունք է հայկական բոլոր քաղաքական ուժերի համար», -նշել է իր ելույթում նախագահ Սահակյանը: