Կարելի՞ էր ավելի պարզեցնել ընտրական օրենսգիրքը՝ այո, բայց դա ունենալու էր իր բացասական գինը. Դավիթ Հարությունյան
Այսօր՝ հունիսի 15-ին, կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն անդրադարձավ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու դիտարկմանը՝ կապված ռեյտինգային ընտրական համակարգի մասին արած հայտարարությանը:
Արդարադատության նախարարը նշեց,- «Համապատասխան ոլորտի ներկայացուցիչներից ամենաբարձրը Վենետիկի հանձնաժողովն է: Այն տվել է իր եզրակացությունը, և այն, որ մեր կողմից ընդունված համակարգը համապատասխանում է միջազգային չափորոշիչներին, փաստարկված է: Այն բարդ է, որովհետև փորձ է արվել մշակել մեխանիզմներ, որոնք պատշաճ ձևով արտացոլում են ազգային փոքրամասնությունների ներկայացվածությունը խորհրդարանում: Կարելի՞ էր ավելի պարզեցնել ընտրական օրենսգիրքը՝ այո, բայց դա ունենալու էր իր բացասական գինը, և մենք, ծանր ու թեթև անելով, այդ ուղղությամբ ենք որոշել գնալ»: