Ներկայացվել է «Audi»-ի ամենաարագ մոդելը
«Audi» ընկերությունը ներկայացրել է «R8»-ի նոր տարբերակը: «R8 Spyder V10 plus» մոդելը ստացել է 610 ձիաուժով շարժիչ և դարձել է մակնիշի ամենաարագ բաց մեքենան: Այս մասին գրում է Motor.ru-ն:
Ինչպես և «R8» կուպեն «Plus» մոդիֆիկացիայում, այս մոդելը ևս 5.2-լիտրանոց «V10» շարժիչ ունի:
Տեղից ընթացքը սկսելով՝ «R8 Spyder V10 plus»-ն արագության առաջին հարյուրյակին հասնում է ընդամենը 3.3 վայրկյանում: Այս ցուցանիշը 0.3 վայրկյանով արագ է սովորական մոդելից: Առավելագույն արագությունը մեծացել է 9 կիլոմետրով և կազմում է ժամում 328 կիլոմետր:
Հետաքրքրական է, որ «plus» տարբերակը 25 կիլոգրամով թեթև է ստանդարտ մոդելից: Չոր զանգվածը կազմում է 1587 կիլոգրամ: Սրան հնարավոր է եղել հասնել թեթև սպորտային նստարանների շնորհիվ: