Լևոն Արոնյանը ոչ մի շանս չտվեց աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդին
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող «Norway Chess-2017» սուպերմրցաշարի երկրորդ հանգստյան օրվանից հետո անցկացվող 7-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը ոչ մի շանս չտվեց աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդ, ռուսաստանցի Սերգեյ Կարյակին:
Հայ գրոսմայստերը սևերով առավելության հասավ 41-րդ քայլում և 5 միավորով ընթացիկ միանձնյա առաջատար է: Առաջին տեղի համար նրա մրցակից Հիկարու Նակամուրան պարտիան դեռ չի ավարտել:
Լևոն Արոնյանը տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը: Մյուս պարտիաները նա ավարտել էր ոչ ոքի:
Նախորդ 2 պարտիաներում Լևոն Արոնյանը հաղթել էր ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկին ու աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին:
Նախավերջին տուրում հայ գրոսմայստերի մրցակիցը կլինի աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը: