Մինչև իրենց կաշվի վրա չզգան, գրպանին չհարվածեն, հարցը չի լուծվի. Մկրտիչ Մինասյան
Այսօր՝ հունիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը խոսեց շենքերի, շինությունների տանիքների միասնական ոճ սահմանելու մասին վարչապետի հանձնարարականի մասին:
Մկրտիչ Մինասյանը կարծիք հայտնեց, որ կառուցված շենքերի վրա ևս մեկ հարկ ավելացնելը վտանգում է բնակիչների կյանքը:
«Այս հարցը նոր չէ, այն բազմաթիվ անգամ բարձրացվել է, բարձրացվում է, ու թողնվում է բախտի քմահաճույքին: Միշտ էլ ասվել է, որ այն էլ մեր շենքերի վրա, նման մոտեցում ցուցաբերել չի կարելի: Ինքներդ տեսնում եք՝ ինչ դեֆորմացիաների են ենթարկվում այդ շենքերը: Մի ավելորդ ծանր բեռ դնել այդ շենքի վրա՝ վտանգում է բնակիչների կյանքը»,- ասաց Մկրտիչ Մինասյանը:
Նա նաև նշեց, որ բարձրահարկ շենքերի տանիքներում կառուցվածքների առումով մենք հնարավոր է, որ աշխարհում միակը լինենք:
«Երևանի շենքերի տանիքները աղավաղված են մանսարդային հարկերով: Պետությունը ասում է՝ դե մարդկանց տունը ոնց քանդենք հիմա: Բարձրահարկ շենքերի տանիքներում արված են այնպիսի բաներ, որ աշխարհում, երևի, մենք միակն ենք: Ուստի վարչապետի մտահոգությունը տեղին է: Երանի, որ այս անգամ այդ մտահոգությունը հասնի բոլորին»,- հույս հայտնեց Մկրտիչ Մինասյանը:
Մինասյանը իր խոսքը եզրափակեց նշելով, որ լավագույն օրինակը նման դեպքերը նվազեցնելու համար որևէ մեկին պատժելն է, այդ շինությունը հանրորեն քանդելն է: «Մինչև իրենց կաշվի վրա չզգան, գրպանին չհարվածեն, հարցը չի լուծվի»,- ասաց նա: