Քաղաքական ճգնաժամ Վանաձորի ՏԻՄ ընտրություններից հետո. «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները դիմել են ՍԴ
Վանաձորի ՏԻՄ ընտրություններից հետո ստեղծված քաղաքական ճգնաժամից ելք գտնելու նպատակով երեկ՝ հունիսի 9-ին, «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները Սահմանադրական դատարան են դիմել՝ Վանաձորի ավագանու նիստերն անվավեր ճանաչելու պահանջով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Էդմոն Մարուքյանը:
Մասնավորապես, ՀՀ Ազգային ժողովի «Ելք» և «Ծառուկյան» դաշինքի 26 պատգամավորներ, ՀՀ Սահմանադրական դատարանից պահանջում են Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչել ՀՀ «Տեղական ինքնակառավարման» մասին օրենքի այն դրույթը, որով առաջնորդվելով ավագանու ՀՀԿ և ՀՅԴ խմբացկությունների ներկայացուցիչները, սույն թվականի մարտ ամսից սկսած լինելով փոքրամասնություն, չունենալով քվորում, գումարում են նիստեր ու կայացնում որոշումներ:
Ազգային ժողովի «Ելք» և «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք խմբակցությունները վիճարկում են նաև այս որոշումների սահմանադրականությունը:
«Հատկանշական է, որ Սահմանադրական դատարանում ավագանու որոշումների սահմանադրականության վիճարկումը Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին դեպքն է»,- գրել է Էդմոն Մարուքյանը: