Գևորգ Կոստանյանը դեմ է եղել Իոաննիսյանի դեմ քաղհայցին՝ պնդելով, որ գործը ԵԴ հասնելու դեպքում մենք «պրոբլեմ կունենանք»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Խոսքը այն տնօրենների մասին է, որոնք ընտրությունների նախօրեին ՀՀԿ-ի համար ցուցակներ էին կազմել, մոբիլիզացրել կոլեկտիվներին ու ծնողներին և այդ ամենը խոստովանել հեռախոսազրույցներում, որոնք ձայնագրվել էին Իոաննիսյանի կողմից և հրապարակվել։
Հետագայում նրանցից 30-ը պատվի, արժանապատվության հայցով դիմել էր դատարան՝ նաև պահանջելով 2-ական միլիոն դրամ ֆինանսական փոխհատուցում «բարոյական վնասի դիմաց»։ Մենք տեղեկացանք, որ այս դատական հայցի մտահղացումը պատկանում է Դավիթ Հարությունյանին և Հրայր Թովմասյանին։ Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի «հայրերը» որոշել են պատժել հանդգնություն դրսևորած երիտասարդին։ Եվրադատարանում ՀՀ ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը դեմ է եղել այս քայլին՝ պնդելով, որ գործը ԵԴ հասնելու դեպքում մենք «պրոբլեմ կունենանք»։
Սակայն դատական շոու սարքելու կողմնակիցներն ուժեղ են գտնվել եւ ստացել են բարձր իշխանության «դաբրոն»։ Նրանք անգամ դատական վեճի ելքն են արդեն որոշել՝ հերքման մասով հայցը, ըստ ամենայնի, կբավարարվի, իսկ ֆինանսական փոխհատուցման պահանջը կմերժվի։