Մենք նպատակ ենք դրել ՀԴՄ-ներով ծածկել ամբողջ մանրածախ առևտրի դաշտը. Կարեն Կարապետյան
Այսօր՝ հունիսի 8-ին, կառավարության հերթական նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ կառավարության նպատակը մանրածախ առևտրի ամբողջ դաշտը ՀԴՄ-ներով ծածկելն է:
Կարեն Կարապետյանի այն հարցին, թե ՀԴՄ-ների տեղադրման համար վարկավորման գործընթացում ինչ աշխատանքներ են կատարվել, ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն ասաց, որ համապատասխան առաջարկը առավելագույնը 1-2 օրում կներկայացնեն վարչապետին:
«Չափազանց կարևոր գործընթաց է: Մենք նպատակ ենք դրել ՀԴՄ-ներով ծածկել ամբողջ մանրածախ առևտրի դաշտը, ինչը մեզ հնարավորություն կտա ներքին շուկայում աշխատող ոլորտների հարկերը ստվերից բերել: Դա որոշ ժամանակ անց մեզ հնարավորություն կտա սահմանն անցնելու՝ մեր երկիր մուտք գործելու ռեժիմը թեթևացնել, բայց միայն որոշ ժամանակ անց, որովհետև մենք պետք է վստահ լինենք, որ տվյալ ապրանքի վերջնական կետը տեսնում ենք: Դա կբերի տնտեսական ակտիվության, տնտեսավարողների աճի»,- ասաց վարչապետը: