Թբիլիսիում Հեյդար Ալիևի հուշաքարին ներկ են լցրել (լուսանկարներ)
Անցյալ գիշեր Թբիլիսիում անհայտ անձը ներկ է լցրել Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հուշաքարին: Այս մասին գրում է «jam-news.net»-ը:
Նշվում է, որ վրացի լրագրողներն ու մարդու իրավունքների պաշտպանության հարցերով ակտիվիստներն արդեն մի քանի օր է, ինչ բողոքի ցույց են անում ի պաշտպանություն ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող և ակտիվիստ Աֆղան Մուխթարլու:
Հիշեցնենք, որ Աֆղան Մուխթարլիին մայիսի 29-ին անհայտ անձինք առևանգել էին Թբիլիսիից և հասցրել Բաքու: Ընդդիմադիր լրագրողը Վրաստան էր մեկնել 2014 թ.-ին՝ Ադրբեջանում լրագրողական գործունեության հետևանքով բազմաթիվ անգամներ ճնշումների ենթարկվելուց հետո:
Ադրբեջանական և վրացական կողմերի պնդմամբ՝ Մուխթարլին սահմանը հատել է անօրինական կերպով: Ընդդիմադիր լրագրողի դեմ Ադրբեջանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել քրօրենսգրքի երեք հոդվածով (սահմանի անօրինական հատում, մաքսանենգություն և իրավապահ մարմինների ներկայացուցիչներին դիմադրություն ցույց տալը):