Միգուցե Դեյվիդ Կոպերֆի՞լդը կարողանա մեզ օգնել. Վրաստանի նախագահը՝ ադրբեջանցի լրագրողի առևանգման մասին
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին իր կարծիքն է հայտնել օրեր առաջ Թբիլիսիից ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլուն առևանգման կապակցությամբ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Սա լուրջ մարտահրավեր է մեր պետականությանն ու ինքնիշխանությանը: Մի քանի օր առաջ մի մարդ անհետանում է Թբիլիսիում և ավելի ուշ հայտնվում Բաքվում, այս ամենը մանկական խաղ է: Մենք նստել ու մտածել ենք՝ դա ինչպես կարող էր լինել: Ես պարզապես չգիտեմ, թե ում հարցնեմ, միգուցե Դեյվիդ Կոպերֆի՞լդը կարողանա մեզ օգնել այս հարցում»,- ասել է Մարգվելաշվիլին
Գեորգի Մարգվելաշվիլին հայտնել է նաև, որ հարցը մանրազնին ուսումնասիրվելու է:
«Այս գործի առնչությամբ փաստաբանի հայտարարությունը շատ ծանր է: Վրաստանը տարածաշրջանում լրագրողների և մարդու իրավունքների պաշտպանության հարցում առաջատարն է: Սա մեր պետականության և ինքնիշխանության անկյունաքարն է»,- հայտնել է Վրաստանի նախագահը: