Դա իրենց ներկուսակցական խնդիրն է և ցանկալի չէ, որ մենք միջամտենք. Վահրամ Բաղդասարյան «Երկիր Ծիրանի»-ի՝ մանդատնելը վերցնելու մասին
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ Վահրամ Բաղդասարյանը անդրադարձավ ավագանու մանդատները վերցնելու մասին «Երկիր Ծիրանի» կուսակցության որոշմանը:
«Դա իրենց ներկուսակցական խնդիրն է և ցանկալի չէ, որ մենք միջամտենք, բայց Զարուհի Փոստանջյանը ԱԺ ընտրությունների ժամանակ քննադատում էր «Ելք» դաշինքին, որ նրանք վերցրել են մանդատները, հիմա նույն պրոցեսի մեջ իրենք են հայտնվում՝ ավագանու հետ կապված», - ասաց նա:
Լրագրողների այն հարցին՝ մտավախությո՞ւն չկա, որ Զարուհի Փոստանջյանը իր խոստացածի նման դժոխք կդարձնի ՀՀԿ-ի, մասնավորապես՝ Տարոն Մարգարյանի կյանքը քաղաքապետարանում, Բաղդասարյանը պատասխանեց. «Տհաճ է, եթե մարդկանց նպատակը նա չէ, որ գնան աշխատանքը կարգավորեն և ավելացնեն օգտակար գործողության գործակիցը, այլ գնում են դժոխքի նպատակով: Ամեն մի դժոխքի նպատակով մտածողը պետք է մտածի նաև իր դրախտի մասին»: