Ջորջ Քլունի պարզաբանել է, թե ինչու չի մասնակցել «Aurora» մրցանակաբաշխությանը
Ջորջ և Ամալ Քլունիները ովքեր պատրաստվում են դառնալ ծնողներ, օրեցօր նախապատրաստվում են փոքրիկների լույս աշխարհ գալուն: Այս մասին գրում է «Spletnik.ru»-ն:
56-ամյա դերասանը նույնիսկ հետաձգել է ուղևորությունը Հայաստան, որտեղ անցկացվել էր «Aurora» համաշխարհային մարդասիրական մրցանակաբաշխությունը: Այն 2015 թվականից սկսված ամեն տարի անցկացվում է Երևանում, 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից, ի երախտագիտություն նրանց փրկողների:
Ջորջն, ով արդեն մասնակցել է արարողությանը, գիտակցել է իր առաքելությունը, հետևաբար հանդես է եկել տեսահաղորդագրությամբ:
«Ես իրոք պետք է լինեի այդտեղ՝ Երևանում, բայց եթե ես գայի և կինս ծննդաբերեր, ես չէի կարողանա տուն վերադառնալ»,- ասել է դերասանը:
Դերասանը չի թաքցնում, որ շատ է անհանգստանում կնոջ առողջության համար, և նրա հիմնական խնդիրը իր կնոջ կողքին լինելը և աջակցելն է:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի սկզբին զույգը հաստատեց, որ երկվորյակների ծնող է դառնալու: Սկզբում նրանք չէին հավատում կատարվածին և մտածում էին՝ պետք է բավարարվեն մեկ երեխայով: