Վենեսուելայում մամուլի ազատությանն ուղղված ցույցերը վերածվել են ոստիկանների հետ բախումների
Մամուլի ազատության համար անցկացվող ցույցերը Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում հանգեցրել են ոստիկանների հետ բախումների: Ցույցերի պատճառը ընդդիմադիր «RCTV» հեռուստաալիքի փակման 10-րդ տարին է: Այս մասին գրում է «Deutsche welle»-ն:
Ցուցարարները բեռնատարներով փակել էին մայրուղին, որը անցնում էր Կարակասով:
Ոստիկանները ցույցը ցրելու համար արցունքաբեր գազ են կիրառել: Ի պատասխան ցուցարարները մոլոտովյան կոկտեյլներ են նետել ոստիկանների ուղղությամբ:
10 տարի առաջ՝ Ուգո Չավեսի կառավարման ժամանակ, փակվեց ընդդիմադիր «RCTV» հեռուստաալիքը, իսկ փոխարենը բացվեց «TVES»-ը:
Վենեսուելայում ընդդիմությունը արդեն մի քանի ամիս է, որ անցկացնում է բողոքի ցույցեր: Ցուցարարները ցանկանում են ազատվել երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոնից: Ըստ ընդդիմության ներկայացուցիչների, նա է պատասխանատու երկրի տնտեսական ճգնաժամի համար, որը հանգեցրել է մատակարարման լուրջ պակասի:
Բողոքի ցույցերի ժամանակ սպանվել է 58 մարդ, վիրավորվել մի քանի տասնյակ: