«Ջիհադ» անվանումով «Wi-Fi»-ի պատճառով չեղարկվել է Մեքսիկա - Լոնդոն չվերթը
Կանկուն (Մեքսիկա) - Գետվիկ (Լոնդոն, Մեծ Բրիտանիա) չվերթն իրականացնող ինքնաթիռի օդաչուն հրաժարվել է թռիչքից այն բանից հետո, երբ նկատել է ուղևորներից մեկի անձնական «Wi-Fi»-ի «Ջիհադ» անվանումը: Այս մասին գրում է «Life.ru»-ն՝ հղում տալով «Airlive»-ին:
Դեպքը տեղի է ունեցել, երբ ուղևորները ինքնաթիռ են նստել: Ուղևորներից մեկը փորձել է ինտերնետին միանալ և տեսել է, որ «Wi-Fi» կապերի ցանկում առաջարկվում է նաև «Ջիհադ» անվանումով կապը: Նա այդ մասին հայտնել է օդաչուին, ով էլ իր հերթին ոստիկանություն է կանչել:
Հաղորդվում է, որ դեպքի մասին իմացությունից հետո ինքնաթիռում հիստերիա է առաջացել, կանայք սկսել են լաց լինել և պահանջել թույլ տալ իրենց իջնել ինքնաթիռից: Ժամանած անվտանգության ծառայության աշխատակիցներին այդպես էլ չի հաջողվել գտնել մեղավորին: Արդյունքում չվերթը չեղարկվել է: Բոլոր ուղևորներին հյուրանոց են տարել: