Արա Բաբլոյանն ԱԺ-ում սովորական հիմնարկի տնօրենի կարգավիճակում է
Այսօր` մայիսի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը խոսեց նոր ձևավորված ԱԺ-ի և հետագա ներքաղաքական զարգացումների մասին:
«Նախ պետք է նշենք, որ 2017 թվականի ապրիլի 2-ից և մայիսի 14-ից հետո տեղի ունեցող իրադարձությունները մենք պետք է դիտարկենք 2018թ-ի ապրիլից հետո իշխանությունների ձևավորման համատեքստում»,- նշեց Արմեն Բադալյանը և հավելեց, որ Սերժ Սարգսյանը իր առջև դրված բոլոր խնդիրները հաջողությամբ կատարել է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը ցանկություն ունի 2018թ. ապրիլից հետո այս կամ այն կարգավիճակում մնալ քաղաքական դաշտում, ապա, ըստ նրա՝ եթե ԱԺ-ն լիներ քաղաքական մարմին, այս կամ այն չափով նրա համար վտանգ կներկայացներ:
«ԱԺ նախագահ ընտրվեց Արա Բաբլոյանը, և ճիշտ է, ԱԺ-ն իջեցվեց ժէկ-ի մակարդակի, բայց ամեն դեպքում, եթե ԱԺ նախագահը լիներ անգամ ՀՀԿ-ական երիտասարդ քաղաքական գործիչ, ապա երկու վտանգ կար. եթե նախագահին չհաջողվեր այս կամ այն կարգավիճակով դառնալ վարչապետ, չէր բացառվում, որ ԱԺ երիտասարդ ղեկավարը, որ քաղաքական ապագա կարող է ունենալ, ինչ-որ հարցերում դաշինքի մեջ մտնելով վարչապետի հետ՝ փորձեին նախագահի քաղաքական կշիռն իջեցնել։ Դա հարցից դուրս եկավ, որովհետև 70 տարեկան մարդը քաղաքական ապագա չի ունենում, առավել ևս, որ նա ՀՀԿ-ում թիմակիցներ կամ կշիռ չունի։ Սովորական հիմնարկի տնօրենի կարգավիճակում է»։
« Սերժ Սարգսյանն իր վարչապետ դառնալու հարցը կհստակեցնի աշնանը կամ մյուս տարվա գարնանը»,- իր խոսքը եզրափակեց քաղտեխնոլոգը: