Թուրքիան հերքել է Ռուսաստանի հետ առևտրի նոր սահմանափակումների մասին լուրը
Թուրքիայի էկոնոմիկայի նախարարությունը հերքել է Ռուսաստանի հետ առևտրի նոր սահմանափակումների մասին լուրերը: Այս մասին գրում է «РИА Новости»:
«Չնայած Ռուսաստանի և Թուրքիայի միջև քաղաքական և տնտեսական դրական մթնոլորտի , որոշ լրատվամիջոցներ լուրեր են տարածել Ռուսաստանից գյուղանտեսական արտադրանքի սահմանափակման մասին, սակայն դրանք իրականությանը չեն համապատասխանում, Թուրքիան շարունակում է պահպանել ձեռք բերված պայմանավորվածությունը ՌԴ-ի հետ»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ:
Մարտի 15-ին Թուրքիան սահմանափակումներ էր մտցրել Ռուսաստանից գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման վրա: Թուրքական իշխանությունները մեկնաբանել են, որ Ռուսաստանը ամբողջովին չի վերացրել սահմանափակումները թուրքական մթերքի՝ մասնավորապես լոլիկի մատակարարման:
Հիշեցնենք, որ ՌԴ-ի և Թուրքիայի նախագահները մայիսի 22-ին ստորագրել են համաձայնագիր, որի համաձայն երկու կողմերն էլ վերացնելու են երկրների միջև առևտրի սահմանափակումները: