Ընտրատեղամասում զինվորներին ուղղորդողի ինքնությունը չի հաջողվել ճշտել
«Փաստ» օրաթերթը գրում է. «2017 թ. ապրիլի 2–ի ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում Գեղարքունիքի մարզի թիվ 20/53 տեղամասում «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչն արձանագրել էր, որ անհայտ անձը մի խումբ զինծառայողների ուղեկցել է քվեարկության սենյակ և շարունակել գտնվել քվեարկության սենյակում, ապա տեղամասի շրջակայքում: Դիտորդը նախ պահանջել է միջադեպն արձանագրել տեղամասի գրանցամատյանում, ապա ոստիկանների միջոցով երեք անգամ դուրս հրավիրել վերոնշյալ անձին: Դիտորդի փոխանցմամբ՝ վերջինս և նրանից հետո տեղամաս այցելած մեկ այլ անձ գրառումներ են արել իրենց մոտ և բարձրաձայն անվանակոչել զինծառայողներին: Նույն օրը «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից հանցագործության մասին հաղորդում էր ներկայացվել, սակայն ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնի ավագ քննիչ Գ. Ավետիսյանը քրեական գործ հարուցելը մերժել է՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:
Ընդ որում՝ որոշմամբ նշվել է, թե զինծառայողների և նրանց ուղեկցած հրամանատարական կազմի կողմից ընտրական իրավունքի իրականացման, ընտրողների ազատ կամարտահայտման, հանձնաժողովի աշխատանքի խոչընդոտման կամ քվեարկության գաղտնիության խախտման դեպքեր չեն եղել: Իսկ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի բողոքի վերաբերյալ ՀՀ զինվորական դատախազ Վ. Հարությունյանը նշել է, որ ընտրատեղամաս եկած անձանց տվյալները ճշտելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներն արդյունք չեն տվել, անձի ինքնությունը ճշտել չի հաջողվել»:
Մանրամասները` «Փաստ» թերթի այսօրվա համարում: