Մխիթարյանի գոլն օգնեց «ՄՅՈւ»-ին դառնալ Եվրոպա լիգայի գավաթակիր (տեսանյութ և լուսանկարներ)
Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակչում հոլանդական «Այաքսը» Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում ուժերը չափեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ և պարտվեց 0:2 հաշվով:
Խաղի հաշիվը 18-րդ րոպեին բացեց «կարմիր սատանաների» կիսապաշտպան Պոլ Պոգբան, ում հարվածից հետո գնդակն անդրադարձից հետո հայտնվեց Անդրե Օնանայի պաշտպանած դարպասում:
Հաշիվը 48-րդ րոպեին կրկնապատկեց Հենրիխ Մխիթարյանը` դառնալով առաջին հայ ֆուտբոլիստը, ով գոլ է խփել Եվրոպա լիգայի եզրափակչում: Բացի այդ, հայ ֆուտբոլիստը 6 գոլով ճանաչվեց «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ռմբարկուն Եվրոպա լիգայի 2016/17թթ. մրցաշրջանում:
28-ամյա ֆուտբոլիստը խաղի ընթացքում ստացավ դեղին քարտ և փոխարինվեց 74-րդ րոպեին:
Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդն» իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Եվրոպա լիգայի գավաթը: Այս հաղթանակը թույլ կտա «կարմիր սատանաներին» 2017/18թթ. մրցաշրջանում ելույթ ունենալ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում: