Գարեգին Բ-ն ցավակցական հեռագիր է հղել Միացյալ Թագավորության վարչապետին
Մայիսի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին Մանչեսթեր Արենայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որը պատճառ է դարձել երկու տասնյակից ավել մարդկային զոհերի և բազում վիրավորների: Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
«Խստորեն դատապարտելով մարդկության դեմ գործվող ահաբեկչությունն ու բռնությունը՝ Մեր վշտակցությունն ենք փոխանցում Ձեզ, Մեծ Բրիտանիայի բարեկամ ժողովրդին, զոհերի ընտանիքներին ու հարազատներին: Հայցում ենք, որ Բարձրյալն Աստված մխիթարություն ու սփոփանք պարգևի բոլոր սգակիրներին և շուտափույթ առողջություն շնորհի պայթյունից տուժած վիրավորներին»,- նշված է ցավակցագրում: Նորին Սրբությունը մաղթել է, որ Տերը զորակից և պահապան լինի Մեծ Բրիտանիայի բարեսեր ժողովրդին: