Երկրի ղեկավարի ընտրության «քասթինգ» է. քաղաքագետ
Այսօր՝ մայիսի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, խոսելով նոր ձևավորված ազգային ժողովի մասին, նշեց, որ գաղտնիք չէր, որ ՀՀԿ-ն Ազգային ժողովում ձևավորելու է կայուն մեծամասնություն, պարզ էր նաև, որ «Ծառուկյան դաշինք»-ը խորհրդարանական 2-րդ ուժն է լինելու, անցնելու են նաև «ԵԼՔ»-ն ու ՀՅԴ-ն:
«ՀՀԿ-ի ձեռքում խորհրդարանն է, Երևանն է, կառավարությունը, նախագահականը: Իսկ ընդդիմությունը դեգրադացիա է ապրել և այլևս չի կարողանում նման ընտրությունների մասնակցել: Վերջին ընտրություններում պարզ էր, որ ՀՀԿ-ին հաղթել որևէ մեկը չի պատրաստվում, որևէ մեկը չէր փորձում գալ իշխանության: Լևոն Տեր-Պետրոսյանը 2008թ.-ին ոչ թե գյուղապետի, նախարարի կամ այլ պաշտոնի համար էր առաջադրվում, այլ՝ իշխանության գալու, իշխանական համակարգը ճեղքելու համար: Հիմա ընդդիմությունը ուզում է կառուցողական լինել, տեղավորվել իշխանության մեջ: «Ելք» է առաջարկում, ոչ թե «մուտք», չկա բազային առաջարկ, որը շատ կարևոր է»,- ասաց Իսկանդարյանը:
Լրագրողների այն հարցին, թե հնարավոր է, որ առաջանան արտախորհրդարանական ընդդիմադիր ուժեր, որոնք կդառնան հակակշիռ, քաղաքագետը պատասխանեց, որ նման պարագայում մարդիկ, անպայման, կնկատեն այդ ուժին:
«Պահանջարկը կա, բայց համապատասխան ուժ չկա և սա հանգեցնում է հիասթափության մարդիկ չեն տեսնում հեռանկար, որևէ մեկի հետ չեն կապում իրենց հույսը»,- ասաց նա և հավելեց,- «25 տարի է մարդիկ տեսնում են նույն դեպքերը, նույն խոստումները, նույն հայտարարությունները, որ կգան իշխանության, ամեն ինչ կփոխվի»:
Իսկանդարյանը նշեց, որ ամենահետաքրքիրը սկսվելու է հիմա. «Արդեն իսկ «քասթինգ» է հայտարարվել երկրի ղեկավարի ընտրության հարցում: Այստեղ կլինի մրցակցություն մարդկանց միջև, ովքեր կղեկավարեն: Պարզ է, որ «Հանրապետական»-ի ներսում կլինի մրցակցությունը, և սա կընթանա ողջ տարին: Տեղի է ունենում էլիտայի փոփոխություն, որը բավական մրցակցային պայմաններում է անցնում»: