Պարսկական ասույթը պնդում է՝ «Հայը սուտ չի խոսի»
Գաղտնիք չէ, որ իրանական ֆինանսական հոսքերի շոշափելի մասն անցնում է Արաբական Միացյալ Էմիրություներում գործող բանկերով՝ Պարսից ծոցի այս միապետությանը բերելով հսկայական եկամուտներ:
Թեհրանում արտարժույթ փոխել ցանկացող յուրաքանչյուր հայաստանցի անպայման նկատած կլինի, որ նույնիսկ իրանական փոխանակման կետերը արտարժույթի գինը սահմանում են առավոտյան 11-ից հետո, երբ դրա մասին տեղեկատվություն է ստացվում Դուբայից, մինչդեռ Իրանում աշխատանքային օրը սկսվում է շատ ավելի վաղ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սաուդյան Արաբիայում բարձրաձայնած հակաիրանական դաշինքի ստեղծման ծրագրում ԱՄԷ-ին վերապահվում է բավական լուրջ դերակատարություն, ինչը չի կարող մտահոգություններ չառաջացնել իրանական կողմում, որը առաջիկայում հաստատպես ձգտելու է դիվերսիֆիկացնել իր ֆինանսական հոսքերի խողովակները՝ հնարավորության դեպքում ընդհանրապես զրկելով Դուբային իրանական կապիտալի բերած օգուտներից:
Այս առումով, հաշվի առնելով մեր երկրի բավական զարգացած բանկային համակարգը, կարծում եմ՝ տեղին կլինի, եթե արդեն այսօրվանից Հայաստանն ակտիվ քայլեր ձեռնարկի այս հատվածում իրանական պոտենցիալ շուկայի իր մասնաբաժինն ապահովելու ուղղությամբ, ինչն իրատեսական է նաև, ինչո՞ւ ոչ, հաշվի առնելով իմիջային բաղադրիչը, քանզի պարսկական ասույթը պնդում է՝ «Հայը սուտ չի խոսի»:
Վարդան Ոսկանյան. Ֆեյսբուք: