Ռուսթավի քաղաքում առաջին անգամ հնչեց Հայոց Պատարագը
Ընդամենը մեկ շաբաթ առաջ քաղաք Ռուսթավիում հանդիսավորապես բացվեց Սուրբ Գրիգոր Նարեկացի հոգևոր, կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնը, որի շուրջ համախմբվելու է այս քաղաքի հայ համայնքը: Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ օծվեց Վեմ քարն ու Սրբապատկերը, որի մոտ ամեն կիրակի հոգևոր կենտրոնում մատուցվելու է Սուրբ և Անմահ Պատարագ:
2017 թվականի մայիսի 21-ը դարձավ հիրավի բեկումնային քաղաքի հայազգի բնակչության համար: Ռուսթավի քաղաքի և Մառնեուլի շրջանի հայության հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր նարեկ քահանա Ղուշչյանը այստեղ մատուցեց անդրանիկ Սուրբ Պատարագը՝ նոր էջ սկսելով տեղի հայության տարեգրությունում, նոր առաջընթաց արձանագրելով Վիրահայոց թեմի հոգևոր-եկեղեցական կյանքում: