Նախարարի տեղակալը հանդիպել է Հայաստանի քունգ ֆուի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանն այսօր հանդիպել է Հայաստանի քունգ ֆուի ֆեդերացիայի նախագահության անդամների և մարզչական կազմի հետ՝ ֆեդերացիայի նախագահ Սարգիս Հարությունյանի գլխավորությամբ:
Գ. Ղազարյանը խնդրել է անկաշկանդ ներկայացնել այն խնդիրները, որոնք առկա են ֆեդերացիայում, և որոնց լուծմանն աջակցելու ակնկալիք ունեն իրենք նախարարությունից: «Ցանկանում եմ մի բան հստակ իմանաք, որ մենք պատրաստ ենք ցուցաբերել մեթոդական, խորհրդատվական և կազմակերպչական լայնածավալ աջակցություն՝ ձեր հետագա աշխատանքներն իրականացնելու համար»,- ասել է Գ. Ղազարյանը: Նա նաև հորդորել է ֆեդերացիայի մարզչական կազմի անդամներին մասնակցել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում կազմակերպվող մարզչական վերապատրաստման դասընթացներին: «Հավատացե՛ք, դա միմիայն ծառայելու է մարզաձևին: Մի բան է լինել լավ մարզիչ, մի այլ բան՝ լավ և բարձր որակավորում ունեցող մարզիչ»,- նշել է նա:
Հյուրերը նախարարի տեղակալին ներկայացրել են ֆեդերացիայի կողմից իրականացվող աշխատանքները: Ֆեդերացիայի նախագահի խոսքերով՝ այսօր ՀՀ-ում քունգ ֆու մարզաձևով մարզվում է շուրջ 250 մարզիկ՝ Երևանում, ՀՀ Սյունիքի մարզում և Արցախում։ Ֆեդերացիան գործընկերներ ունի ԱՄՆ-ում և Ֆրանսիայում: Ս. Հարությունյանը նշել է, որ ֆեդերացիան սերտորեն համագործակցում է մարզաձևի միջազգային ֆեդերացիայի հետ: «Աշխատանքներ են տարվում հաջորդ տարի Երևանում քունգ ֆուի Եվրոպայի առաջնություն անցկացնելու ուղղությամբ»,- տեղեկացրել է Ս. Հարությունյանը:
Եվրոպայի առաջնության կազմակերպչական աշխատանքներին նախարարության կողմից աջակցության հնարավոր ոլորտները հստակեցնելու համար նախարարի տեղակալ Գ. Ղազարյանը խնդրել է ներկայացնել մարզաձևի միջազգային ֆեդերացիայի կողմից տրամադրվող համապատասխան փաստաթղթերը: «Եթե պատրաստվում ենք մեր երկրում կազմակերպել միջազգային առաջնություն, ապա այն պետք է կազմակերպել և անցկացնել բարձր մակարդակով»,- ասել է նա: