Վենեսուելայում 7-րդ անգամ արտակարգ դրություն է սահմանվել
Վենեսուելայի կառավարությունը կրկին երկարաձգել է երկրում տիրող արտակարգ դրությունը: Այս մասին գրում է «Vesti.ru»-ն:
Երկրում արտակարգ դրությունը երկարաձգվել է մայիսի 13-ից 60 օրով: Նշենք, որ սա արդեն 7-րդ երկարաձգումն է:
Վենեսուելայի տնտեսության ոլորտում արտակարգ դրությունը գործում է 2016 թ.-ի հունվարից: Արտակարգ դրության ռեժիմը պայմանավորված է երկրի «քաղաքական, տնտեսական, սոցիալական ոլորտներում տիրող էքստրաօրդինար իրավիճակով»,- նշվում է նախագահ Նիկոլաս Մադուրոյի հրամանագրում:
Արտակարգ դրության սահմանումը երկրի ղեկավարին հնարավորություն է տալիս անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել բնակչության իրավունքների և Վենեսուելայում ներքին կարգուկանոնի պահպանման համար: Բացի դա, նախատեսվում է անհրաժշետության դեպքում քաղաքացիների սահմանադրական երաշխիքները սահմանափակելու հնարավորությունը: