Սպորտի և երիտասարդության նախարարի ուղերձը Ուսանողության և երիտասարդության օրվա առթիվ
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանի շնորհավորական խոսքը՝ Ուսանողության և երիտասարդության օրվա առթիվ.
«Սիրելի՛ ուսանողներ, երիտասարդներ,
2015 թվականից մայիսի 16-ը, մեր կրթության և գիտության գլխավոր դարբնոցի՝ Երևանի պետական համալսարանի հիմնադրման օրը, մեր երկրում նշվում է որպես Ուսանողության և երիտասարդության օր:
Ուրախ եմ, որ հայ ուսանողությունը և երիտասարդությունը ունի ուրույն հնարավորություն իր խնդիրները, ցանկություններն ու գաղափարները բարձրաձայնելու:
Դուք մշտապես առանձնանում եք ակտիվությամբ, համարձակությամբ, եռանդով, աշխարհն ու կյանքը բարեփոխելու նորարար գաղափարներով ու ծրագրերով:
Դուք եք մեր երկրի սահմաններում, առաջնագծում անձնվիրաբար ծառայում մեր երկրի պաշտպանության և անվտանգության ապահովմանը: Եվ որոշակիորեն ձեզ հետ է կապվում մեր երկրի ներկայի և առավել ևս ապագայի հույսը:
Բազմաթիվ մարտահրավերներով և հիմնախնդիրներով, բայց և փոփոխություններով հարուստ այս ժամանակաշրջանում, ձեզ կոչ եմ անում առավել գործուն մասնակցություն ունենալ մեր երկրի բոլոր կարևոր գործընթացներին՝ ի նպաստ մեր հայրենիքի զարգացման և հզորացման:
Շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ օրվա առթիվ, մաղթում եմ, որ ձեր գիտելիքների և կարողությունների շարունակական հարստացմամբ և կատարելագործմամբ միշտ լինեք մրցունակ: Մաղթում եմ նաև անսպառ ուժ ու եռանդ՝ կենսագործելու ձեր գաղափարներն ու նախաձեռնությունները, որոնք կդառնան ոչ միայն ձեր կայացման գրավականը, այլև կնպաստեն մեր հայրենիքի հզորացմանը, ազգային ինքնության, ազգային և համամարդկային արժեքների զարգացմանը և խաղաղության հաստատմանն ու պահպանմանը»: