Չկա հզոր Հայաստան՝ չի կարող լինել նաև հեռանկարային պահանջատիրություն
Հայության առջև կանգնած ներկայիս լրջագույն խնդիրը հայության մարդկային ու մտավոր կապիտալի մոբիլիզացումն է Հայաստանում: Եվ խոսքը պարտադիր կերպով չի վերաբերում ֆիզիկական մոբիլիզացմանը, քանի որ ներկայիս տեղեկատվական տեխնոլոգիաները տալիս են այդ հարցերի լուծումը:
Մեզ անհրաժեշտ է վերանայել Հայաստանի ու հայության գերակայությունները: Այսօր հսկայական ֆինանսական միջոցներ են ներդրվում Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի ուղղությամբ: Անշուշտ, հայերի դեմ իրագործված ցեղասպանության միջազգային ճանաչումը շարունակում է մնալ հայության ազգային պահանջատիրության դաշտում, սակայն կան առավել հրատապ լուծումներ պահանջող խնդիրներ, որոնց չկարգավորումը կարող է կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում լրջագույն մարտահրավեր հանդիսանալ Հայաստանի ու հայության զարգացման հեռանկարների համար առհասարակ: Միանշանակ է, որ Հայաստանի և համայն հայության զարգացման առաջնակարգ նախապայմանն այսօր Հայաստանի ու հայության անվտանգության խնդիրն է:
Հայաստանում հայության մարդկային ու մտավոր կապիտալի ներգրավումը հնարավորություն է տալիս լուծել այնպիսի հույժ հրատապության հարցեր, ինչպիսիք են Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովումն ու տեղի բնակչության բարեկեցության բարձրացումը:
Հայությունը պետք է հստակ գիտակցի այն, որ եթե չկա հզոր Հայաստան, ապա չկան նաև ուժեղ հայկական համայնքներ, չի կարող լինել նաև հեռանկարային պահանջատիրություն:
Կարեն Վերանյան. Ֆեյսբուք: