Նստարանների նման բարձր գինը պայմանավորված է ոլորտում այլ ընկերությունների բացակայությամբ
Այսօր մամուլում տեղեկություն էր տարածվել, որ մայրաքաղաքում տեղադրված «Երևան» նստարաններն արժեն 165 հազար դրամ, իսկ աղբամանները՝ 78 հազար դրամ:
Երևանի քաղաքապետարանի ֆինանսական վարչության պետի տեղակալ, ՀՀԿ թիմի ներկայացուցիչ Համազասպ Գալստյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այս թեմային, նշեց, որ գնման գործընթացը կատարվում է քաղաքի կահավորման համար հայտարարված մրցույթի արդյունքում:
«Քաղաքի կահավորման համար մրցույթ է հայտարարվում, կան որոշակի չափանիշներ: Ըստ այդ չափանիշների նստարանները չպետք է լինեն երկօրյա կամ մեկանգամյա օգտագործման»,- ասաց նա:
Նա նաև հավելեց, որ հայտարարված գնման գործընթացի մրցույթին միայն մեկ ընկերություն է հայտ ներկայացնել և այդ ոլորտում չկա մրցակցային դաշտ:
«Եթե կան նման ընկերություններ կամ անհատներ, որոնք ցանկություն ունեն մասնակցելու գնման գործընթացին, ինչո՞ւ չեն գալիս մրցակցային դաշտ, մենք առաջարկում ենք մեր չափորոշիչները նստարանների համար և եթե նրանց արտադրանքը լինի որակյալ և ավելի մատչելի, բնականաբար նրանք կհաղթեն մրցույթում»,- ասաց նա և հավելեց,- «Քաղաքապետարանը արդեն իսկ ձեռք է բերել մոտ 5000 նստարաններ»: