Պահանջում ենք, որ բոլոր քվեաթերթիկների վրա հանձնաժողովի անդամների կնիքները դրվեն. «Ելք»
Այսօր՝ մայիսի 12-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ Երևանի Ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքից առաջադրված թեկնածու Նիկոլ Փաշինյանը խոսեց նախօրեին «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողի արձանագրած ընտրակաշառքների, ՀՀԿ-ի գրանցումը չեղարկելու և ընտրարշավից հանելու մասին:
Անդրադառնալով ընտրախախտումներին՝ Փաշինյանը նշեց, որ մարդիկ ցուցակով կանչվում, կաշառքը վերցնում և քվեաթերթիկին շատ նման թերթիկներով դուրս են գալիս:
ԱԺ պատգամավորն ասաց, որ լրագրողի կողմից դեպքի արձանագրումից հետո Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի ցուցանակը հանվել է, իսկ տարածքը կքնվել, սակայն ինքը ոստիկանությանը չի վստահում:
«Նրանք ուզում էին զննության ենթարկել առանց մեր ներկայացուցչի, բայց երբ հասկացան, որ առանց մեր ներկայության չեն կարող զննություն իրականացնել, որոշեցին, որ սեփականատիրոջ քունը տանում է: Տարածքը կնքվեց, մենք էլ մեր կնիքը դրեցինք ու գիշերը հերթապահություն իրականացրինք: Ես չեմ կարող վստահ լինել, որ ներսում ինչ-որ բան կա, չեմ կարող վստահ լինել, որ ինչ-որ բան չկա: Բայց այս գործելակերպը ցույց է տալիս, որ այնտեղ թաքցնելու բան կա»,- ասաց քաղաքապետի թեկնածուն:
Փաշինյանի խոսքով՝ «Ելք» դաշինքը ՀՀԿ-ի գրանցումը չեղարկելու և կուսակցությանն ընտրարշավից հանելու պահանջով պատրաստվում է ԿԸՀ և դատարան դիմել:
«Բոլոր այն ծրարները. որտեղ օտար իրեր կգտնվեն, և այն քվեաթերթիկները, որոնցում գունավոր գրիչներով քվերակված քվեաթերթիկներ կլինեն, պետք է անվավեր ճանաչվեն: Պահանջում ենք, որպեսզի բոլոր քվեաթերթիկների վրա հանձնաժողովի անդամների կնիքները դրվեն»,- ասաց Փաշինյանը: