Տաքսի ծառայություն մատուցող բոլոր մեքենաները պետք է լիցենզավորվեն.Վահան Մարտիրոսյան
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան
Մարտիրոսյանը ապրիլի 28-ին ընդունեց առցանց տաքսի ծառայությունների և
տաքսոմոտորային ուղևորափոխադրումներ իրականացնող մի շարք
կազմակերպությունների ղեկավարների։ Հանդիպման նպատակն էր` մեկ անգամ ևս
հստակեցնել տաքսի ծառայություն մատուցող ընկերություններին ներկայացվող
պահանջները։
Նախարարը նշեց, որ պետք է տարանջատել էլեկտրոնային ծառայությունները տաքսի
ծառայությունների մատուցումից։ Տաքսի ծառայություն մատուցող բոլոր
մեքենաները պետք է լիցենզավորվեն և աշխատեն օրինական դաշտում։ Բոլորի համար
պետք է լինեն հավասար մրցակցային պայմաններ։
«Ողջունելի է ցանկացած նոր տեխնոլոգիա, բայց պետք է տարանջատում լինի և
պայմանագիր կնքվի միայն լիցենզավորված վարորդների հետ»,- ընդգծեց նախարարը։
Այս գործունեությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար հնչեցին մի
շարք առաջարկություններ։
Վահան Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ նախարարությունը ներկայում աշխատում է
տաքսի ծառայությունների ոլորտը կարգավորող օրենսդրական փոփոխությունների
շուրջ։ Նա բոլոր շահագրգիռ կողմերին հրավիրեց օրենքի նախագծի շուրջ
ներկայացնելու իրենց առաջարկությունները։