Մենք պոտենցիալ ներդրողի նկատմամբ ունենք բազմաթիվ պարտավորություններ. Կարեն Կարապետյան
Կառավարությունը որոշել է լիազորել Երևանի քաղաքապետին ՀՀ անունից «Ի Էմ Սի» ՓԲԸ հետ կնքել Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդ, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագրեր: Այն հնարավորություն կտա ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը:
Մասնավոր ներդրումների հաշվին գլխավոր պողոտայի նշված տարածքում հնարավոր կլինի վերականգնել «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրը: Թաղամասը վերակառուցելու նպատակը պատմական կառուցապատված տարածքների կիրառական-գեղագիտական բարելավումն է, կանոնավոր կառուցապատմամբ, հատուկ փակ գոտու սահմանումը և ներգրավումը քաղաքի կենսագործունեության մեջ: ՀՀ վարչապետը նշել է, որ «Հին Երևան» ծրագրի և Երևանի կենտրոնի կառուցապատման հետ կապված անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցել են կառավարության անդամները, հրավիրվել է Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը:
Կարեն Կարապետյանը ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին և Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանին հորդորել է մաքսիմալ ուշադիր լինել ծրագրի առնչությամբ: «Մենք պոտենցիալ ներդրողի նկատմամբ ունենք բազմաթիվ պարտավորություններ, որոնք անհասկանալի պատճառներով չենք կատարում: Ունենք ներդրող, որի նկատմամբ մեր պարտավորություններն ուշացրել ենք երկու տարուց ավելի և անընդհատ պատճառաբանություններ ենք փնտրում, թե ինչու դրանք չենք անում»,-ասել է գործադիրի ղեկավարը և հանձնարարել կարգավորել առկա խնդիրները: