Քուվեյթցի գործարարը հետաքրքրված է Հայաստանի ճանապարհաշինական ծրագրերով
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան
Մարտիրոսյանն ընդունեց քուվեյթցի գործարար Չարլզ Հայդերին։
Ողջունելով հյուրին՝ նախարարը ներկայացրեց մեր երկրի համար կարևոր
նշանակություն ունեցող ճանապարհաշինական ծրագրերը՝ առանձնացնելով
պետություն - մասնավոր հատված համագործակցությամբ իրականացվող ծրագրերը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Չարլզ Հայդերը
ներկայացրեց ճանապարհաշինական ոլորտի գործունեության շրջանակները՝ նշելով,
որ ճանապարհներ են կառուցել աշխարհի տարբեր երկրներում: Նրա խոսքով՝դրանք
որակապես բարձրակարգ են և երաշխավորված։
Գործարարն ընդգծեց, որ հետաքրքրված է Հայաստանում իրականացվող
ճանապարհաշինական նախագծերով, քանի որ դրանք մեծ պոտենցիալ ունեն:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին համագործակցության
հնարավոր ծրագրերի վերաբերյալ։
Նախարար Վահան Մարտիրոսյանը առաջարկեց ներդրումային ծրագրեր իրականացնել
վճարովի ճանապարհների կառուցման գործում: Նա նաև հույս հայտնեց, որ հաջորդ
տարվա համար հայտարարված ճանապարհաշինական մրցույթներին իրենց
մասնակցությունը կունենան նաև քուվեյթցի շինարարները։