ՊՆ-ն ամենաշահագրգիռ կողմն է զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու. Արծրուն Հովհաննիսյան
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը News.am կայքի հրապարակումից տեղեկացել է ապրիլի 25-ին շարքային Կարեն Արմենի Ավետիսյանի մահվան կապակցությամբ իրականացվող քննչական գործողությունների, մասնավորապես` դատաբժշկական քննության առնչությամբ սպանվածի մորաքույր ներկայացվող Ալինա Աբրահամյանի վերապահումներին և անվստահությանը:
«Պաշտպանության նախարարությունը սգում է զինծառայողի կորստյան ծանր վիշտը և ամենաշահագրգիռ կողմն է, որպեսզի իրականացվի անաչառ և լիարժեք քննություն, պարզվեն զինծառայողի մահվան բոլոր հանգամանքները:
Վստահ ենք նաև, որ հանցակազմի առկայության դեպքում քննաչական մարմինները կձեռնարկեն բոլոր միջոցները մեղավորնեին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար:
Թեև որպես մորաքրոջ մեկնաբանություն ներկայացվող մտահոգությունը չի համընկնում սպանվածի ընտանիքի անդամների հետ ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչների ունեցած քննարկումների բնույթին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պատրաստ է այդպիսի պահանջի առկայության դեպքում ցանկացած աջակցություն ցուցաբերել ընտանիքին` հետևելու համար գործի քննության ընթացքին և ստանալու ընտանիքի համար արժանահավատ համարվող մասնագիտական և փորձագիտական աջակցություն»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը: