Կարեն Կարապետյանի և Հնդկաստանի փոխնախագահի ներկայությամբ երկու երկրների կառավարությունների միջև ստորագրվել են համագործակցության փաստաթղթեր
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և Հնդկաստանի փոխնախագահ Մ. Համիդ Անասարիի ներկայությամբ երկու երկրների կառավարությունների միջև ստորագրվել են համագործակցության մի քանի փաստաթղթեր:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ու Հնդկաստանի երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության միջև ստորագրվել է երիտասարդության հարցերի բնագավառում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը և Հնդկաստանի մանր, փոքր և միջին ձեռնարկությունների հարցերով պետնախարար Գիրիռաջ Սինգը:
Հայաստանի և Հնդկաստանի մշակույթի նախարարությունների միջև ստորագրվել է 2017-2020 թվականների մշակութային համագործակցության վերաբերյալ գործնական ծրագիրը: Այն ստորագրել են ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանը:
Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև ստորագրվել է բաց տիեզերքի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր, որը ստորագրել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության Արևելքի քարտուղար Պրիտի Սարանը:
Ի պատիվ Հնդկաստանի փոխնախագահ Մ. Համիդ Անսարիի՝ վարչապետ Կարեն Կարապետյանի անունից կտրվի պաշտոնական ճաշ: