Թրամփը պետք է պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը. «The Huffington Post»
«The Huffington Post» պարբերականն անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանարման խնդրին: Պարբերականը գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաղթեց ընտրություններում՝ խոստանալով փոխել մշակույթը Վաշինգտոնում և առաջ տանել «Առաջինն Ամերիկան» քաղաքականությունը:
«Ի՞նչ է տեղի ունենում, սակայն, երբ ԱՄՆ-ի կողմից պատմական փաստի ճանաչումը թելադրվում է այլ ազգերի քմահաճույքից ելնելով: Մինչ այժմ Թուրքիան ճնշում է գործադրել Միացյալ Նահանգների վրա՝ շրջանցելու Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ չնայած նրան, որ նախագահ Բարաք Օբաման խոստացել էր դա անել պաշտոնի անցնելուց հետո:
Նախագահության ընթացքում ամեն տարի Օբաման կարողացել է խախտել իր խոստումը: Բարեբախտաբար, նախագահ Թրամփի օրոք հույս կա, որ նա կճանաչի ցեղասպանությունը:
ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա բացասական ազդեցություն է թողել պատմական ճշմարտությունն ընդունելու անկարողությունը, և այս անհեռատեսության հետևանքներն ազդում են Սիրիայում և այլ տեղեր ԱՄՆ-ի միջամտությունների վրա: Քանի որ Թրամփը պայմանականությունների չի հետևում և ոչ ավանդական քայլեր կատարելուց չի խորշում, հնարավոր է, որ նա խախտի կարգը և վերջիվերջո ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- նշվում է հոդվածում:
Հեղինակը մեջբերում է Ռաֆայել Լեմկինի տողերը, որտեղ նա պնդում է, որ դա «առաջինն իրականացվել է հայերի նկատմամբ»:
Նա նշում է, որ բազմաթիվ ապացույցներ կան, որոնք պաշտպանում են Լեմկինի վստահությունը, որ հայերի դեմ ցեղասպանություն է իրականացվել և որ այս սարսափելի հանցագործությունը համակարգված և ծրագրված է եղել Օսմանյան կայսրության կողմից: