Շախմատի կանանց Եվրոպայի առաջնությունում Էլինա Դանիելյանը գրավեց 7-րդ տեղը
Ռիգայում կայացած շախմատի կանանց Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց տվեց գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, որը 11 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և բաժանեց 4-15-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշով Էլինա Դանիելյանը գրավեց 7-րդ տեղը:
Լիլիթ Մկրտչյանն առաջնությունն ավարտեց 46-րդ հորիզոնականում՝ վաստակելով 6,5 միավոր: Հայաստանի չեմպիոն Մարիա Գևորգյանը 5,5-ով զբաղեցրեց 75-րդ տեղը, իսկ մեր հավաքականի չորրորդ անդամը՝ Լիլիթ Գալոյանը, անհաջող հանդես եկավ և 144 մասնակիցների մեջ դարձավ 97-րդը:
Եվրոպայի չեմպիոն հռչակվեց վրացի Նանա Ձագնիձեն՝ 8.5 միավոր, փոխչեմպիոն դարձավ Ալեքսանդրա Գորյաչկինան՝ 8 միավոր, երրորդը ռուսաստանցի Ալիսա Գալյամովան է՝ 8 միավոր: