Գյումրիում ռուս զինծառայողի սպանության մեջ կասկածվողը հոգեկան խնդիրներ ունի
ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել Գյումրիում ռուս զինծառայող Դմիտրի Յալպաևի սպանության կապակցությամբ, ըստ որի՝ նախնական քննությամբ պարզվել է, որ սպանության մեջ կասկածվողն ունի հոգեկան առողջության հետ կապված որոշ խնդիրներ։
«Մասնավորապես՝ զինվորական ծառայության ընթացքում՝ 2016 թվականի նոյեմբերին, մի քանի անգամ կատարել է ինքնախեղում, և նեղ մասնագիտական հետազոտման նպատակով տեղափոխվել է ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք: Նրա նկատմամբ նշանակվել է ռազմաբժշկական և դատահոգեբուժական ամբուլատոր համալիր փորձաքննություն։ 2017թ. մարտի 9-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնում ստացվել է թիվ 12 եզրակացությունը, համաձայն որի՝ նրա մոտ փորձաքննության ժամանակ հայտնաբերվել են հոգեկան որոշ խանգարումներ, ճանաչվել է սահմանափակ մեղսունակ և ոչ պիտանի զինվորական ծառայության համար խաղաղ ժամանակ։ Պաշտպանության նախարարի հրամանով 2017 թվականի մարտին նա զորացրվել է»,-ասվում է տարածված հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ ահազանգը ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրում հայտնաբերվել է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի պայմանագրային զինծառայող 21-ամյա Դմիտրի Յալպաևի դին՝ կտրած-ծակած մարմնական վնասվածքներով։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, նա հայտնաբերվել է և ձերբակալվել։ Ներկայումս նրա մասնակցությամբ կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով։ ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ՝ քրեական գործով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում։
Նախաքննությունը շարունակվում է, քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։