Նախարարը հյուրընկալել է Սան Խոսեի պետական համալսարանի նախագահին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան
Մարտիրոսյանն ապրիլի 22-ին ընդունեց Կալիֆոռնիա նահանգի Սան Խոսեի պետական
համալսարանի նախագահ Մարի Փափազյանին։
Ողջունելով հյուրին` նախարարը ներկայացրեց բարձր տեխնոլոգիաների ոլորտին
վերաբերող կրթական ծրագրերը, մասնավորապես, Հայաստանի ազգային
պոլիտեխնիկական համալսարանի բազայի վրա տեխնոլոգիական համագործակցության
հնարավորությունները։
Քննարկվեցին երկկողմ համագործակցության հեռանկարները, որոնք առնչվում էին
ԵՊՀ, Պոլիտեխնիկական, Հայ-ամերիկյան և Սլավոնական համալսարանների և Սան
Խոսե պետհամալսարանի միջև համատեղ գործակցության, այդ թվում՝ ուսանողների
փոխանակման ծրագրերի իրականացմանը։
Կողմերը պայմանավորվեցին շարունակել քննարկումները հետագա
համագործակցության և համատեղ հուշագիր ստորագրելու շուրջ: