Այնքան հիասթափված եմ, որ ԱՄՆ-ն ինչպես հարկն է չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը. կոնգրեսական
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին ընդառաջ դիմել է Կոնգրեսին ու ԱՄՆ նախագահի քարտուղարությանը՝ ողբերգական իրադարձությունները պաշտոնապես ճանաչելու կոչով:
Կոնգրեսականը, ով Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովի բարձրաստիճան անդամ է, իր պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ նշել է, որ ԱՄՆ կառավարությունն այլևս չի կարող իրեն թույլ տալ հապաղել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:
«Այնքան հիասթափված եմ, որ ո՛չ Կոնգրեսը, ո՛չ երկրի նախագահն ինչպես հարկն է չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ցեղասպանության հերքումը ցեղասպանության վերջին գործողությունն է ու դեպի հաջորդ ցեղասպանություն տանող առաջին քայլը: Մեր պարտքն է հարգել այդ սարսափելի դեպքին զոհ գնացածների հիշատակն ու պատվել նրանց ապրող հետնորդներին՝ երաշխավորելով, որ ապագայում նման բան այլևս չի կրկնվի»,-նշվում է հայտարարության մեջ: