Ժամանակն է, որ ԱՄՆ-ն պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Ադամ Շիֆ
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հայտնել է. «Մենք չենք կարող աշխարհի բարոյական առաջնորդը մնալ, եթե տարանջատենք և տարբերակենք, թե որ ցեղասպանությունն է հարկավոր ճանաչել»:
Նրա խոսքով՝ որպես աշխարհի բարոյական առաջնորդներ, իրենք պարտավորված են պարզորոշ բարձրաձայնել Հայոց ցեղասպանության և ցանկացած այլ ցեղասպանության փաստը, անկախ նրանից, թե այն կատարվել է բարեկամի, թե թշնամու, հզոր թե թույլ իշխանության կողմից:
«Մենք չենք կարող հետևողական մնալ, եթե հայտարարենք, որ Դարֆուրի ցեղասպանությունը ճանաչելու ենք, որովհետև Սուդանը թույլ է, իսկ Հայոց ցեղասպանությունը չենք ճանաչելու, որովհետև Թուրքիան ուժեղ է: Մենք տեսնում ենք, թե ինչպես է Թուրքիան դեպի ավտորիտար համակարգ սլանում, դեպի մի համակարգ, որը շատ նման է Պուտինի ստեղծած համակարգին:
Եվ չկա որևէ պատճառ, որևէ բարոյական պատճառ, սակայն նաև չկա որևէ ռազմավարական պատճառ, որպեսզի մենք Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի ջրաղացի վրա ջուր լցնենք: Ժամանակն է, որ Միացյալ Նահանգները բարձրաձայն, պարզորոշ, հստակ ու միանշանակորեն ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,-ընդգծել է նա: